01.03.2025 | 11:20
Բարի գալուստ, Գարնան առաջին այգաբաց,
խաղաղություն և առատություն բեր Հայոց աշխարհին,
ծաղկեցրու, պտղավորիր սրբազան հողն Ավետյաց Երկրի,
խելառ ջրերիդ առնական համբույրները թող օրհնյալ լինեն,
արևով ու լույսով ջերմացրու ամեն հունդ, որ պայթեն, տարածվեն ու աճեն, բազմանա՜ն …
Հավատքով զինիր սերմնացաններին. երբեք չընկրկեն եղանակների
ու բազում այլ հանգամանքների որևէ պատճառով:
Համբերությամբ զինիր հավատավորներին
և անուշացրու մեր աչքերում
ու ռունգերում մեր գեղեցիկներին, որպեսզի այլ ափերի կանչերը մարեն մեր մեջ
ու լիանանք քարից քամած ՀԱՑՆՈՒԳԻՆՈՎ – ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՈՎ :
Եվ սեր սփռիր ամենուր…
թող բոլոր կոշտացած սրտերը նույնպես վայելեն վերերկրային շնորհաստեղծ այդ զգացումը:
Եվ բացիր ջերմեռանդ սիրով
Հայոց աշխարհի հորիզոնները….
Հրաշագործի՛ր,
ՄԵԾԴ ԴԻՑԱՄԱՅՐ ԳԱՐՈՒՆ,
հրաշագործի՜ր….
01.03.2014 թվ., Աստուրան
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ