Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած

Վրաստանում նախագահական ընտրությունները կայացել են, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգանոց ընտրական կոլեգիայի անդամների կեսից ավելին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։

«11։30-ի դրությամբ Ընտրական կոլեգիայի 170 անդամներ արդեն մասնակցել են քվեարկության գործընթացին, ըստ այդմ, ընտրությունները կայացել են, քանի որ կուսակցության ամբողջական կազմի կեսից ավելին արդեն մասնակցել է դրանց»,-ասել է նա:

Ինչպես նշել է Իոսելիանին, քվեարկությունը կտևի մինչև ժամը 14:00-ն, որից հետո ԿԸՀ-ն կսկսի ձայների հաշվարկը:

Մեր կողմից հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլուն: Նրան ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր «Վրացական երազանք-ժողովրդավարական ​​Վրաստան» նախընտրական դաշինքից, իսկ 2020 թվականից՝ 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր: 2022 թվականին լքել է «Վրացական երազանք»-ը և միացել «Ժողովրդի ուժ» կուսակցությանը։ 2024 թվականի մարտի 20-ից «Ժողովրդի ուժ» կուսակցության քաղաքական քարտուղարն է։

Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամո»-ի խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։ Տարբեր տարիներին նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են՝ «Մանչեսթեր Սիթին», «Գրասհոֆերը», «Ցյուրիխը», «Լյուցեռնը»։

Աղբյուր` Panorama.am

Leave a Comment