Հետևում եմ Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Խոսե Մանուել Ալբարես


Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։

«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Իսպանիայի ԱԳ նախարարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։ 

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարկան ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։ Արշավախմբի անդամները Իսպանիայի քաղաքացիներ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

28 դիտում

Leave a Comment