30-օրյա զինադադար. Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը


Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Ուկրաինան հայտնել է իր պատրաստակամությունն ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր, 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ և պայմանով, որ նույն քայլին կգնա նաև Ռուսաստանի Դաշնությունը»,- բանակցություններից հետո գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ էին մեկնարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Այս բանակցությունները հաջորդում են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ 

Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

284 դիտում

Leave a Comment