Իրավիճակը Սիրիայում վերջին մի քանի օրերին ծայրաստիճան լարված է, երկիրը կրկին «եռում» է արյունոտ իրադարձություններով ու հեղեղվում անորոշ գնահատականներով:
Բանն այն է, որ Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում նախկին նախագահ Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների միջև բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են սուննի գրոհայինների կողմից վրեժխնդրության հողի վրա սպանությունների տասնյակ դեպքերի մասին, որոնք թիրախավորել են կրոնական փոքրամասնությանը, որին են պատկանում նաև Ասադը և նրա մտերիմները:
Իրանագետ Արմեն Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այս ամենի պատճառն այն է, որ Ասադի կողմնակիցները՝ ալավինները, հարձակում են գործել կառավարական ուժերի վրա, որից հետո կառավարությունը խռովությունները ճնշելու համար զորքեր է մտցրել Տարուս և Լաթաքիա, որտեղ ալավինական մեծամասնությունն է:
Ըստ իրանագետի՝ Բաշար Ասադը ալավի է, և տարիներ շարունակ ալավի փոքրամասնությունն է իշխել Սիրիայում, այժմ նրանք փաստացի զրկվել են իշխանությունից և չեն համակերպվում, փորձում են ետ վերադարձնել այն:
Վարդանյանը միաժամանակ նկատում է՝ խոսվում է այն մասին, որ տեղի ունեցողում կարող է Ռուսաստանի «մատն էլ խառը լինել»:
Ըստ իրանագետի՝ Սիրիայի նոր իշխանության հովանավորը Թուրքիան է, և Սիրիայում Թուրքիան ու Ռուսաստանը անուղղակի մրցակցության մեջ են, սակայն Ռուսաստանի դիրքերը չափազանց թուլացել են:
Վարդանյանի խոսքով՝ Սիրիայի գահավիժումը վաղուց է սկսվել՝ դեռևս Ասադի օրոք, այժմ նոր իշխանությունը փորձում է կանխել այն:
Իրանագետը կարծում է, որ այս ամենը ոչ մի ուղիղ ազդեցություն չի ունենա մեր տարածաշրջանի վրա, և տեղին էլ չէ այն պրոյեկտել կամ համեմատել այստեղ եղած իրողությունների հետ: Նրա խոսքով՝ միայն Սիրիայում ապրող հայերի համար կարող են խնդիրներ առաջանալ:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
133 դիտում