Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա, Ռուսաստանից հրադադարի հաստատման որոշում ենք սպասում. Թրամփ


ԱՄՆ-ը հուսով է, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը: Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա՝ քննարկելու հարցերի այդ փաթեթը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այժմ դա կախված է Ռուսաստանից: Հուսանք, որ կարող ենք հրադադարի որոշում ստանալ: Ես ստացել եմ մի քանի դրական հաղորդագրություն, սակայն դրական մեսիջը ոչինչ չի նշանակում:

Իրավիճակը շատ լուրջ է և կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ բանակցությունների արդյունքում Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։

Մարտի 11-ին տեղի ունեցած բանակցությունները հաջորդել են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար: 

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ 

Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

678 դիտում

Leave a Comment