Մշակութային մարդաբան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանը խոսում է խորհրդահայ մշակույթի, նրա մերօրյա դրսևորումների, գաղափարախոսության փոխանցման միջոցների, «կուլտուրական մարդ» հասկացության, խորհրդային մարդու «հոգևոր կերպարի» մասին։
Խորհրդային միության մշակութային քաղաքականությունը կարևոր դեր ուներ «լայն մասսաներին» գաղափարախոսության փոխանցման համար։
«Այդ գաղափարախոսությունը շրջանակվում էր ազգայինի դիմակով և պատահական չեն Ստալինի խոսքերը, որ «մշակույթը պետք է ձևով ազգային լինի, իսկ բովանդակությամբ՝ սոցիալիստական»։ Խորհրդային գաղափարախոսության հաղորդագրությունները պիտի ժողովրդին հասներ իրենց հասկանալի լեզվով կամ ձևերով, հասկանալի վայրերում և իրենց հասկանալի կերպարների կողմից։ Ազգայնականությունը վերցնել գաղափարական շրջանակի մեջ, վերահսկել և թելադրել ազգայնական օրակարգ, որը պետք է լիներ սոցիալիստական։ Դա արվում էր հետևողական, բազմակողմանիորեն և սկսվում էր կրթությունից», – ասում է Յուլիա Անտոնյանը։
Խորհրդային ժամանակներում «կուլտուրական մարդը» քաղաքակիրթ մարդ լինելուն հավասար էր։ 20-30-ականներին բանվորներին ոչ միայն գրել-կարդալ էին սովորեցնում, այլ` վարքագծային գրեթե բոլոր կանոնները՝ ինչպես ճիշտ նստել, քայլել, ուտել, իհարկե, այդ «ճիշտը» սովետական ճիշտն էր։
Յուլիա Անտոնյանը նշում է, որ «կուլտուրական մարդու» մասին պատկերացումները մինչև այսօր մնացել է խորհրդային շրջանից։ «Երբ խոսում ենք մտավորականի կամ «կուլտուրական մարդու» մասին, մեծամասնությունը պատկերացնում է սովետական մոդելը։ Եթե «կուլտուրական մարդ» ես՝ պետք է գրքեր կարդաս, ինչ գրքեր դա արդեն երկրորդական է, գնաս թատրոն, գրադարան։ Շատերի վարքագծում, խոսքի չափանիշներում վերադարձ կա սովետական անցյալին, որն իրենց համար գերակա մոդել է և որին միշտ պետք է նայել ու հիանալ։ Խորհրդային արժեքներն այսօր նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում, որոնց վերագրվում է ազգային գաղափարը, բայց եթե փորենք այդ ազգայինը, կտեսնենք, որ նրա հիմքում խորհրդայինն է»։
Յուլիա Անտոնյանն ասում է, որ խորհրդային ժամանակներում գաղափարական ճնշումներն ու ազդեցությունները էֆեկտիվ էին, մինչև հիմա նրանք ոչ միայն ապրում են, այլև անընդհատ վերադառնում են այս կամ այն մեկնությունների կամ ընկալումների տեսքով։