Բաքուն Գերմանիայի դեսպանին կանչել ԱԳՆ ու ներողություն է պահանջում Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի լուսանկարի հրապարակման համար

Քաղաքականություն

31.03.2025 | 20:17

Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում «խիստ բողոք է արտահայտվել» Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի պաշտոնական էջում  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում հաստատված, այսպես կոչված, ռեժիմի «դրոշը» տեղադրելու կապակցությամբ»։ Խոսքը վերաբերում Արցախի դրոշի լուսանկարի հրապարակմանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ տարածաշրջան կատարած այցի ժամանակ այս «բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է, և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի այս հրապարակման համար»։

Ընդգծվել է, թե Գերմանիայի նախագահի այդ հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ընթացող խաղաղության գործընթացին աջակցելու հայտարարություններին։

Ըստ պաշտոնական Բաքվի` Գերմանիայի նախագահն  իբր անտեսել է, «բռնի տեղահանված ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներին»։

«Գերմանական կողմին տեղեկացվել է, որ Ադրբեջանը ռազմական և քաղաքական միջոցներով լուծել է շուրջ 30 տարի տեւած հակամարտությունը, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը, և որ հակամարտությունը մնացել է անցյալում։ Նշվել է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր չկա։ Նշվել է, որ մեր տարածքներին անդրադառնալիս պետք է զերծ մնալ գոյություն չունեցող, քաղաքական կողմնակալ և կեղծ անուններ օգտագործելուց», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագաhը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում էր արել, ապա հեռացրել այն։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment