Ֆրանսիական հեղինակավոր գրական մրցանակաբաշխությունը՝ «Գոնկուրը», այս տարի առաջին անգամ կազմակերպվել է նաև Հայաստանում: Գոնկուրի ակադեմիայի անդամների պես Երևանում նույնպես հաղթողին ընտրել են 3 բուհերի 30 ուսանողներ: Հաղթող գիրքը Ֆրանսերենի և հայերենի նմանությունը մտածողության մեջ է՝ «Գոնկուր»-ի հայաստանյան ընտրության արարողությանը «Ռադիոլուր»-ին ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին:
Մինչև ֆրանսիական ամենահեղինակավոր գրական մրցանակի հայաստանյան ընտրության հաղթողին պարզելը մասնագիտությամբ պատմաբան դեսպանը խոստովանում է, որ հայալեզու գրականությունից իր համար հոգեհարազատը Մովսես Խորենացու աշխատությունն է:
«Պատմագրությունը հետաքրքիր գրական ժանր է։ Այն ոչ թե չոր ու կտրուկ է նկարագրում պատմական իրադարձությունները, այլ ավելի շատ թույլ է տալիս ընկղմվել ժամանակի և իրադարձությունների մեջ»:
Ֆրանկոֆոնիայի այս տարվա միջոցառումների շրջանակում ինչպես արդեն 122 տարի Փարիզում, այնպես էլ այս տարի, բայց առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ 8 գրքերից ամենանախընտրելի ընտրությունը: Փարիզում դափնեկրին ընտրել են «Գոնկուր» ակադեմիայի անդամները, Երևանում՝ պետական համալսարանի, ֆրանսիական համալսարանի և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերենին տիրապետող 30 ուսանողները: Նրանք նախորդ տարվա հոկտեմբերից ընթերցել են գրքերն ու գնահատել դրանք:


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյի:
«Սա Գոնկուրի հայաստանյան առաջին ընտրությունն է, այն կլինի շարունակական: Հայաստանը և Ֆրանսիան գրական հարուստ ժառանգությամբ երկրներ են և իրենց գրականությամբ մարդկանց բարձր գաղափարներ են տալիս»:
Ինչպես Փարիզում՝ օպերային թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող հասցեում, Երևանում էլ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևան կառույցում ծափերի ներքո բացվեց հաղթող գրքի անունը պարունակող ծրարը:
Ծափեր, ծրարը բացող հայ ուսանող:
«Գոնկուրի հայաստանյան առաջին ընտրության հաղթողն է Գայլ Ֆայի «Ջակարանդա» վեպը: Հենց առաջին փուլում այն հավաքել է 19 ձայն»:


Հայաստանի ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անի Մնացականյանը Գոնկուրի այս տարվա մրցանակաբաշխության գրքերի հայաստանյան 30 ընցթերցող-ընտրողներից է։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նա ասում է:
«Կոնկրետ ես ընտրել եմ «Ջակարանդա» վեպը, որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին: Հեղինակը ներկայացնում է ցեղասպանությունը և դրա հետևանքները՝ կոնկրետ ընտանիքի օրինակով: / Ապրումակցումն ազդե՞լ է Ձեր ընտրության վրա,- հեղինակ/: Ինչ-որ չափով այո: Կարող եմ ասել, որ «Ջակարանդա»-ն ամենահեշտ ընթերցվող գիրքն էր»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ֆրանկոֆոնիայի այս տարվա հայաստանյան միջոցառումների թիվն է նշում՝ ավելի քան 100: Դրանցից գլխավորը սկսվեց Հայաստանում և օրեր առաջ ավարտվեց Ֆրանսիայում՝ Միսաք Մանուշյանին նվիրված ներկայացմամբ:
«Տարեցտարի ծրագիրն ավելի է հարստանում: Իսկ Գոնկուրի դեպքում ֆրանսերենի գեղեցկության, ֆրանսերենով բարձրարժեք գրականության մասին է խոսքը: Ֆրանկոֆոնիայի մասին չենք կարող խոսել առանց գրականության»:


Ֆրանկոֆոնները կամ ֆրանսախոսները հայ հասարակության մեջ առավելապես երիտասարդներն են՝ ասում է ԿԳՄՍ ներակայացուցիչը: Հիշեցնում է, որ 2027 թ.-ին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը:
Մինչև այդ՝ Ֆրանսիայի հեղինակավոր գրական մրցանակաբաշխության հայաստանյան ընտրության հաղթող գիրքը կթարգմանվի հայերեն: