ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել է դեղապահովումը, դրա հասանելիության ապահովումը:

Հայաստանում տարեցտարի ավելանում են այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում պետությունը երեխաներին անվճար տրամադրում է թանկարժեք դեղերը. դրանք են` առաջնային իմունային անբավարարություն, անչափահասների ռևմատոիդ արթրիտ, Կավասակիի համախտանիշ, ցրված սկլերոզ և այլն։

Թուրքմենստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համագործակցություն Հայաստանում և Թուրքմենստանում արտադրվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման ոլորտում:

Հայաստանյան կողմը հրավեր է ստացել աշնանը Աշխաբադում մասնակցելու դեղագործական միջազգային ցուցահանդեսին:

Leave a Comment