«Չենք ստանում հարցերի պատասխանները». ԱԺ-ում երկրորդ հանդիպումն է կայացել անհետ կորածների հարազատների հետ

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։

Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո անհետ կորածների հարազատներից ոմանք դժգոհություն են հայտնել։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը չի ստացել։ «Մենք ե՞րբ ենք ստացել, չորսուկես տարի է մենք չենք ստանում մեր հարցերի պատասխանը, ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում»,- ասել է նա։ Նա շեշտել է, որ նախորդ հանդիպումից անցած մեկուկես ամսվա ընթացքում իշխանությունները ոչինչ չեն արել՝ պաշտոնյաներին անվանելով «փնթի աշխատողներ»։

Միաժամանակ անհետ կորած զինծառայողի մեկ այլ հարազատ նշել է, որ «որոշ չափով» պատասխաններ է ստացել։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորածների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:

«Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները»,- շեշտել է Աբրահամյանը։ Պատգամավորը հավելել է, որ հանդիպման ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ «բոլոր հարցերը ստացել են հասցեական պատասխաններ»։ «Չի եղել այնպիսի հարց, որի պատասխանը չհնչի, ուրիշ բան՝ ինչքանով կբավարարի»,- ասել է նա։

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկումը բավականին կառուցողական էր, և բոլոր գերատեսչությունները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը։ Աբազյանը հայտարարել է, որ հանդիպմանը ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։

«Քննարկումները կառուցողական էին, որոշակի իրենց հուզող հարցերին պատասխանել էինք։ Աշխատանքների հետ կապված անպայման շարունակություն է լինելու»,- ասել է նա։ Նա հավելել է, որ հաջորդ հանդիպման կոնկրետ ժամկետ չկա, որոշակի աշխատանքներից հետո կորոշեն հաջորդ հանդիպման տեղը և անելիքները։

Հունվարի 30-ին խորհրդարանում փակ հանդիպում էր տեղի ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որը տևել էր շուրջ հինգ ժամ։ Այն անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ղեկավարության, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քոչարյանի հետ։ Քոչարյանը նշել էր, որ հանդիպման ընթացքում տրվել են անհետ կորած զինվորների հարազատների հարցերի պատասխանները, սակայն ժամանակը ցույց կտա, թե հարազատները որքանով գոհ կլինեն։

2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։

Leave a Comment