ՊՆ-ն 1 օրում 4-րդ անգամ հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը

ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա ընթացքում 4-րդ անգամ հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին Բաքվի հայտարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ՝ մարտի 31-ին,  հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։

Ադրբեջանը մարտի 16-ից պարբերաբար հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքում է։

Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։

Մարտի 25-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել ու նշել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Leave a Comment