Գյուղի ամենածայրի տունն ա, Խնածախի վարչական ղեկավարի տունը. «Հրապարակ»

Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները երկու շաբաթից ավելի է՝ լարվածության ու վախի մթնոլորտում են ապրում: Գիշերը վախերն ավելանում են, քանի որ թշնամին սկսում է կրակել` մինչեւ լուսադեմ:

Ադրբեջանական գնդակը, որը ծակել է Խնածախի բնակելի տան պատուհանը, հասել է մինչեւ անկողին, որտեղ մարդիկ քնած են եղել, ու միայն երջանիկ պատահականությամբ նրանք չեն տուժել: Տունը Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանինն է: Նա ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: «Հրապարակ»-ին հաջողվեց զրուցել Խնածախի բնակիչներից Կարոյի հետ, որի խնդրանքով հրապարակում ենք միայն անունը:

– Ի՞նչ վիճակ է հիմա գյուղում, էլի՞ են կրակում:

– Հիմնականում կրակում են գիշերները, ժամը 10-ն անց կեսից սկսում են, մինչեւ հինգը-հինգն անց կես, ժամը մեկ կրակում են, վերջինը գիշերը 4-ն անց կես են կրակել: Ավտոմատի կրակոցների ձայներ ենք լսում:

– ՊՆ-ն հայտնեց, որ գյուղի տներից մեկին է հասել գնդակը, ո՞ւմ տունն է, ի՞նչ վիճակում են մարդիկ:

– Պուլյան պատուհանի ապակին ծակել, ընկել ա անկողնու մեջ: Գյուղի ամենածայրի տունն ա, Միրզոյան Սեյրանի տունը:

– Իշխանությունը խաղաղության մասին է խոսում, հավատո՞ւմ եք խաղաղությանը, երբ մյուս կողմն անդադար կրակում է:

– Խաղաղությունն ամենացանկալին ա, բայց էս պահին՝ անհասանելի: Ալիեւը նոր հարցեր ա առաջ քաշում՝ Սյունիքում միջանցք ա ուզում, Սահմանադրությունը փոխելու հարց ա դնում… Մենք հեռու ենք խաղաղությունից:

– Բայց իշխանությունը հերթով կատարում է Ալիեւի պահանջները:

– Խնդրելով, տալով, հարց չես լուծի: Իմ կարծիքով՝ խաղաղությունը միայն մեր ուժեղ լինելով ա հնարավոր, պիտի դու ինքդ լինես ուժեղ:

Leave a Comment