ՔՊ-ն շոկի մեջ է․ ԶԼՄ-ն պատմել է իշխող կուսակցության չարդարացված ակնկալինքների մասին

Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են, քանի որ ակնկալել են, որ 50+1-ի կձգեն, գրել է «Հրապարակ»-ը:

Ըստ թերթի՝ «վերևից» հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրև ազատ-արդար ընտրությունների արդյունք, որ «նախկինների պես չեն կեղծել ընտրությունները»:

«Վերջին ամիսներին իշխանությունն այնքան էներգիա և ռեսուրս էր ծախսել Գյումրիում` հավաքագրել էին հանրապետության ողջ տարածքում բնակվող գյումրեցիներին, գյումրեցիների հարազատներին, շատերին այլ տեղերից բերել ընտրության։ Անգամ Ջավախքից 15-20 ավտոբուս մարդ էր բերվել՝ ընտրությանը մասնակցելու նպատակով»,- գրել է թերթը։

Լրատվականը պարզաբանել է, որ նաև իշխանության այս աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված այն, որ գրեթե կրկնակի շատ ընտրող է մասնակցել 2021-ի ՏԻՄ ընտրությունների համեմատ:

Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական ​​կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։

Leave a Comment