Երկուշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իր գրասենյակում հարցաքննել են Հատկապես ծանր հանցագործությունների բաժնի քննիչները։ Որպեսզի այս հարցաքննությանը հասնի՝ Նեթանյահուն շտապ հեռացել է Թել Ավիվի դատարանից, որտեղ վկայություն էր տալիս իր դեմ հարուցված մեկ այլ՝ կոռուպցիայի գործով։
Այս երկրորդ գործը, որի համար քննիչները հանդիպել են վարչապետի հետ, մամուլում անվանում են Կատարգեյթ։ Սրա համեմատ կոռուպցիայի համար մեղադրանքը թեթեւ ամբաստանություն կարելի է համարել, հայտնում է BBC-ին։
Կատարգեյթով անցնում են Բենիամին Նեթանյահուի մերձավոր խորհրդականները, որոնք զբաղվել են Կատարի շահերի ու հետաքրքրությունների լոբբինգով։
Հետաքննության այս փուլում վարչապետն անցնում է որպես վկա։ Իսրայելական աղբյուրները նշում են, որ քննիչները ուշադրությամբ ուսումնասիրելու են նրա վկայությունները, որից հետո, հավանաբար, Գլխավոր դատախազությունը կարող է փոխել նրա կարգավիճակը։
Հետաքննությունն սկսվել էր, երբ կասկածներ էին առաջացել, որ Իսրայելի կառավարության՝ պաշտպանության բանակի եւ ԶԼՄ-ների հետ կապերի գծով մամուլի քարտուղարը՝ Էլի Ֆելդշտեյնը Իսրայելի կառավարության եւ Դոհայում գրանցված Կատարի շահերն առաջ մղող ընկերության միջեւ կապող օղակ է հանդիսանում։
Հետագայում կասկածները տարածվել էին նաեւ Նեթանյահուի մյուս խորհրդականների վրա։ Քննիչները կասկածում են, որ նրանց միջոցով Կատարի իմիջը բարելավող տեղեկություններ էին հայտնվում իսրայելական մամուլում։
Ֆելդշտեյնին մեղադրում են Իսրայելի պաշտպանության բանակի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ։
Քանի որ խնդիրը շատ նուրբ է՝ մանրամասների հրապարակման վրա դատական արգելք է դրված։