
2024 թ. հունիսից ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որի կատարման նպատակով այժմ ընթացքի մեջ են ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակման, ինչպես նաև նոր ընթացակարգերի ու կարգերի մշակման աշխատանքները:
Նոր օրենքը պահանջում է աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման համակարգի ներդրում: Մասնագիտական ուսուցումը հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված կրթություն է, ուստի առանց գործնական միջավայրի և աշխատաշուկայի հետ ուղիղ կապի՝ կրթության որակ չի կարող ապահովվել։
Դուալ ուսուցմամբ կրթություն ստացած ուսանողները հետագայում ավելի հեշտությամբ են կարողանում աշխատանքի տեղավորվել: Այս դեպքում գործատուի մասնակցությունը շատ կարևոր է և այն սկսվում է ծրագրի մշակման փուլից, քանի որ հիմնված է հենց գործատուի կարիքի վրա։ Նախորդ տարվա համեմատ՝ գերակա արհեստագործական մասնագիտություններով գրանցվել է 123 տոկոս, իսկ միջին մասնագիտական մասնագիտություններով՝ 69 տոկոս աճ։
«Դպրություն» հաղորդման հյուրերն են ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողասյանը և «Վանադ Ագրո» կազմակերպության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանը։