Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին․ առնվազն 3 զոհ, 7 վիրավոր կա

Քաղաքականություն

01.04.2025 | 13:05

Երեքշաբթի վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ թիրախավորելով «Հըզբոլլահ»-ի զինյալի, գրում է France 24-ը։

Իսրայելի կողմից Բեյրութին հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ և վիրավորվել՝ 7-ը, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Իսրայելցի զինվորականներն էլ հայտարարել են, որ «հարվածել են «Հըզբոլլահ»-ի ահաբեկչին»՝ ի պատասխան Լիբանանի հրթիռակոծության, որի մեղավորը զինյալ խմբավորումն է:

Դեպքի վայրում գտնվող AFP-ի լուսանկարիչը հայտնել է, որ հարվածն ավերել է բազմահարկ շենքի վերջին երկու հարկերը, բնակիչները խուճապահար լքել են տները: Լուսանկարիչը տեսել է, թե ինչպես են փրկարարներն օգնում առնվազն երեք տուժածի, ինչպես նաև արձանագրել փողոցը ծածկող բեկորները:

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ անանուն զինյալը «վերջերս ուղղորդել է ՀԱՄԱՍ-ի օպերատորներին և օգնել նրանց ահաբեկչություն ծրագրել Իսրայելի խաղաղ բնակիչների դեմ»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ իրենց զինվորականները «կհարվածեն ամբողջ Լիբանանին՝ ի պատասխան ցանկացած սպառնալիքի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment