ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե փոփոխություն կա՝ հօգուտ ՔՊ-ի է, Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը

Գյումրու ընտրությունների վերաբերյալ.

Ընդդիմության կողմից Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ արվող եզրահանգումները և ուրախությունը մեղմ ասած, տարօրինակ են։ 2021 թվականի ավագանու ընտրությունների համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է շուրջ 10,000-ով ավելի քվե, իսկ պնդումները, թե ՔՊ-ի կողմից քաղաքային իշխանություն չձևավորելու դեպքում իշխանափոխության շանսերը մեծանում են, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են քաղաքական տրամաբանությանը։ ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, հետևաբար, եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է, քանի որ Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ։

Ավելին, այս ընտրությունները ՔՊ-ի համար Գյումրու ՏԻՄ մակարդակում արձանագրած ամենաբարձր արդյունքն են՝ կուսակցության հիմնադրման օրվանից ի վեր (2016 թ.՝ 638 ձայն, 2021 թ.՝ 7,786 ձայն, 2025 թ.՝ 17,183 ձայն), ինչը հստակ վկայում է Գյումրիում քաղաքական դիրքերի շարունակական ամրապնդման մասին։

Նկատելի է նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն, որը 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ ստացել էր շուրջ 31,000 քվե, 2025 թվականին ստացել է ընդամենը մոտ 9,000 քվե, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն 2008թ. ընտրություններում ստացել էր շուրջ 19,000 քվե, 2025-ին ստացել է մոտ 7,000 քվե։ Ակնհայտ է, որ այդ տարիներին այդ քվեները ձևավորվել էին մի շարք արատավոր երևույթների միջոցով։

Քաղաքական տեսանկյունից ընտրությունների արդյունքները միանշանակ հօգուտ ՔՊ-ի են, և ՏԻՄ կառավարման համակարգին տիրապետող ցանկացած անձ հասկանում է, որ հետընտրական զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, մեծ հաշվով, նույնպես նպաստելու են ՔՊ-ի դիրքերի հետագա ուժեղացմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment