Գերմանիայի նախագահի գրասենյակը ներողություն է խնդրել Բաքվից՝ սոցիալական ցանցերում Արցախի դրոշը տեղադրելու համար

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրասենյակը Բաքվից ներողություն է խնդրել քաղաքական գործչի կողմից Արցախի դրոշի հրապարակման և սոցիալական ցանցերում Լեռնային Ղարաբաղի մասին գրառման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գերմանիայի նախագահի դաշնային կանցլերի ղեկավար Դյորտե Դինգերը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակում նշել է, որ գրառումն արվել է «տեխնիկական սխալի պատճառով» և որևէ նշանակություն չունի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցում Բեռլինի դիրքորոշման համատեքստում։

Դինգերը վստահեցրել է, որ ապրիլի 2-ին Շտայնմայերի այցը Բաքու ուղղված է Ադրբեջանի հետ գործընկերության ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելուն։

Մարտի 31-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Շտայնմայերը սոցցանցերում հրապարակել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարը։ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Միջազգային իրավունքի տեսակետից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այն հիմնականում բնակեցված է հայերով: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ բազմիցս զինված բախումներ են տեղի ունեցել»,- գրել էր նախագահը այս հրապարակման մեջ, որն ավելի ուշ հեռացվել էր։

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ դեսպանին «վճռական» բողոք էին հայտնել։ 

Leave a Comment