Վիլեն Գաբրիելյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը

Արմինֆո. Ազգային ժողովի “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը: Այդ մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։

 

«Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը:

 

Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:

 

Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը արդեն հանձնել եմ ԱԺ աշխատակազմ:

 

Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:

 

Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն», – գրել է պատգամավոը:

 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես,  ալկոհոլի ազդեցության տակ, Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում վիճաբանել է լրագրողների հետ ՝ վիրավորելով նրանց:

Leave a Comment