Իսրայելական Channel 14 հեռուստաալիքը հայտնել է, թե շատ շուտով կլինի Իրանին հասված աննախադեպ հարված, որն ամենաուժգինը կլինի երկրորդ համաշխարհայինից ի վեր: Իհարկե, հազիվ թե այդպիսի հարված պլանավորողներն ու նախապատրաստողները չունենային բավարար կարողություն և ցանկություն՝ փակ պահել հարվածի հանգամանքը: Եթե դա փակ չի պահվում, ապա, կամ ունի զուտ տեղեկատվական շանտաժի նպատակ, կամ պարզապես կեղծ լուր է:
Բայց որ Իրանի շուրջ պրոցես կա և այն բավականին առարկայական է, կարծես թե բավականին նշմարելի է: Դոնալդ Թրամփը ստացել է Իրանի պատասխան նամակը: Դրանից առաջ նա հայտարարել էր, թե կարող է անգամ ռմբահարել Իրանը: Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ չեն տրվի ԱՄՆ շանտաժին, շարունակում են հայտնել միջուկային ծրագրի հարցում դիվանագիտության պատրաստակամություն, բայց երրորդ կողմի մասնակցությամբ, ոչ ԱՄՆ հետ ուղիղ բանակցությամբ:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանին հարվածելը կունենա ծանրագույն հետևանք ամբողջ ռեգիոնի համար: Իրանի շուրջ առնվազն տեղեկատվական էսկալացիան Դոնալդ Թրամփի համար, թերևս, ավելի շուտ միջոց է Ռուսաստանի հետ բանակցությունում: Թրամփը Իրանը, թերևս, դիտարկում է ուղղություն, որի շուրջ էսկալացիայի հանգամանքը համարում է Ռուսաստանի համար մտահոգիչ, այդ թվում հաշվի առնելով նաև այն, որ Մոսկվան ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի Թեհրանի հետ:
Իրանի հանդեպ այդ քաղաքականությունը արդյո՞ք իրապես անհանգստացնում է Ռուսաստանին՝ ստիպելով մտածել Թրամփին զիջելու մասին: Բարդ է ասել, սակայն ԱՄՆ հետ գործընթացի բարդության մասին է հայտարարել Կրեմլի խոսնակ Պեսկովը: Սա նշանակում է, որ Ռուսաստանը դնում է առավելագույն պահանջներ, որոնք ընդունելը իսկապես բարդ է: Սակայն Թրամփի համար դժվար է նաև այդ ամենին կոշտ և գործնականում վերջնագրային արձագանքելը:
Նրան, անկասկած, ճնշում է պատերազմը դադարեցնելու իր նախընտրական հայտարարությունը, որը դարձրել է իր քաղաքական դիրքավորման անկյունաքարերից մեկը: Եթե դա տեղի չունենա, ապա Թրամփը կորցնելու է քաղաքական դիրք և հեղինակություն: Իսկ դրանից այն կողմ կարող է լինել ընդհուպ իշխանության կորստի ռիսկ: Ռուսաստանը, անշուշտ, պատկերացնում է Թրամփի այդ ռիսկերը, և օգտագործելով նաև Եվրամիության հետ նրա խնդիրները, որոնք, անշուշտ, նույնպես խորքային են իրենց բնույթով, փորձում է դնել առավելագույն նպատակներ: Թրամփը գուցե փորձում է շրջանցել դրանք Իրանով:
Բայց հարվածել Իրանին, կնշանակի ոչ թե շրջանցել Ռուսաստանին, այլ ըստ էության՝ հարվածել: Կգնա՞ ԱՄՆ նախագահն այդպիսի քայլի: Ամբողջ հարցն այն է, որ դրան գնալու պարագայում, եթե Ռուսաստանը տեղի չտվեց, Թրամփի համար իրավիճակը կարող է ոչ միայն բարդանալ, այլ ծանրանալ: Համարվում է, որ գերհաջողակ բիզնեսմեն Թրամփի առավելություններից մեկը հաշվելն է: Թերևս կասկած չկա, որ Իրանի հարցում Թրամփը կգործի հաշվենկատ: