Փարիզի իշխանությունները պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Figaro պարբերականին։
«Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը և միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից։ Նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը», – ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ըստ Իդալգոյի՝ նման աջակցությունը կարող է թույլ տալ Թուրքիայի ներկայիս կառավարությանը լսել ժողովրդավարական բանականության ձայները: Նշվում է, որ այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։
Մարտի 19-ի առավոտյան թուրքական իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և նրա թիմի անդամներին՝ Իմամօղլուի խորհրդական և Medya AŞ-ի մենեջեր Մուրադ Օնգունին և Իմամօղլուի քարոզարշավի մենեջեր Նեջաթի Օզքանին՝ «շահույթ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու» մեղադրանքով։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են անցկացվել։
Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետն էր 2019 թվականի մարտից։ Նա համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, ու եթե կրկին առաջադրվի, հաղթելու շանսերը մեծ են։
Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են 2028 թվականին, սակայն դրանց մասնակցելու համար Էրդողանը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ, այլապես կրկին առաջադրվել չի կարող:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
479 դիտում