Ապրիլի 11-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ «Soong Ching Ling» Foundation-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։

Համաձայն հուշագրի՝ կողմերը
պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների և տարբեր ծրագրերի շահառուների համար,
համատեղ աշխատելու են վերապատրաստման, փորձի փոխանակման հնարավորությունների վրա,
ակտիվացնելու են երկկողմ հաղորդակցությունը և աշխատելու են համագործակցության նոր ուղղությունները բացահայտելու համար,
Այս հուշագիրը նոր էջ է բացում հայ-չինական բարեկամության պատմության մեջ, որի հիմքում հումանիտար կապերն են, կրթության և մշակույթի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ «Իմ Քայլը» հիմնադրամը վստահ է, որ այս համագործակցությունն ուղղակիորեն կօգնի ծրագրերի շահառուներին՝ հնարավորություն տալով տեսնելու և ուսումնասիրելու Չինաստանի հարուստ մշակույթը, սոցիալական ոլորտում ունեցած մեծ փորձը, միաժամանակ հյուրընկալելով չինացի մասնագետների և երիտասարդների Հայաստանում։

Հուշագրի ստորագրումը Չինաստանի խոշորագույն պետական հիմնադրամներից մեկի՝ “Soong Ching Ling” հիմնադրամի հետ կարևոր և նշանակալի ձեռքբերում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի համար։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից սկսված երկխոսությունն ու ձևավորված հարաբերությունները այսօր վերածվեցին փաստացի համագործակցության հուշագրի։

Նախորդ տարվա սեպտեմբերին հայկական պատվիրակությունը` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մի շարք կրթական և բարեգործական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
126 դիտում