«Արթուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման, եկել էր, փորձում էր ներս մտնել իմ աշխատասենյակ, որի իրավունքը չունի: Սադրեց, ստացավ համապատասխանը, ինչ պիտի ստանար»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու ու հայհոյելու միջադեպին՝ արդարացավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանը:
Նա նաեւ հավելեց, որ ինքը Չախոյանի նման պահվածքից հետո ասել էր, որ եթե Չախոյանը նորից շարունակի նման կերպ, հանրային քննարկումը կհետաձգի:
Տեր-Մարգարյանի խոսքով, բնակիչներն էլ են պահանջել, որ Չախոյանը հեռանա, որ հանրային քննարկումը լինի պատշաճ մակարդակով:
Վարչական շրջանի ղեկավարը այսքանով սահամանփակվեց, չպատասխանեց այլ հարցերի, հետո քննարկումից դուրս եկավ ու թաքնվեց լրագրողներից:
Հիշեցնենք, որ այսօր վարչական շրջանի ղեկավարը ծեծեց բլոգերին, բայց ձերբակալվեց բլոգերը: Մինչ լրագրողներից թաքնվելը վարչական շրջանի ղեկավարը մի տեւական ժամանակ անվրդով շարունակեց հանրային քննարկումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: