Ճիշտ հանգամանքների գրագետ համադրման պարագայում, ՔՊ պատգամավորները ջանասիրությամբ կքվեարկեն Նիկոլին անվստահություն հայտնելու օգտին. Ֆարմանյան

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. 

 

«Արամ Աբրահամյանի այսօրվա խմբագրականը հնարավոր ամենածանր վիրավորանքն է ՔՊ պատգամավորների հասցեին:

 

Ի՞նչ է փաստարկում Արամը. ՔՊ պատգամավորները հազիվ թե գնան Նիկոլին անվստահություն հայտնելու քայլին, քանի որ՝

 

ա.) վախենում են Նիկոլից, Գլխավոր դատախազը կգա իրենց հետևից,

 

բ.) չկա Նիկոլը՝ չեն լինի նաև իրենք, հաջորդ անգամ պատգամավոր չեն դառնա:

 

Այսինքն, ի սկզբանե, Կիկոսի մահվան խիստ հայկական սյուժեով բացառել, որ ՔՊ ֆրակցիայում կլինեն գոնե երկու տասնյակ պատգամավորներ, որոնք չեն առաջնորդվում վախի թելադրանքով ու նյութապաշտությա՞մբ: Ես վստահ չեմ, որ ՔՊ բոլոր պատգամավորները նույն կերպ են մտածում: Հակառակում համոզվելու ծանրակշիռ առիթ դեռ չի եղել: Չստենք՝ դեռ չի եղել:

 

Ես կարծում եմ, որ ճիշտ հանգամանքների գրագետ համադրման պարագայում, ՔՊ պատգամավորները նույնպիսի ջանասիրությամբ կքվեարկեն Նիկոլին անվստահություն հայտնելու օգտին, որքան շատ ընդդիմադիր պատգամավորներ: ՔՊ պատգամավորները փաստացի քաղաքական պատանդներ են Նիկոլի ձեռքում, իսկ պատանդների մտքում նախ անպատիվ գերությունից ազատվելն է: Այս դեպքում՝ նաև պատմական պատասխանատվությունից ու չջնջվող ամոթալի խարանից ազատվելը:

 

Բոլորը չէ, որ հասցնում են ստոկհոլմյան սինդրոմով տառապել:

 

Արամը հիշատակում է ԱՄՆ նախագահ Նիքսոնին անվստահություն հայտնելու դեպքը: Շատ այլ օրինակներ ևս կան և՛ համաշխարհային պրակտիկայում և՛ մեր ոչ հեռավոր անցյալում:

 

Ի՞նչ, 1988 թ. հունիսի 15-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստին մասնակցող կոմունիստ պատգամավորները Մոսկվայի կամքո՞վ եկան մասնակցելու նիստին, թե՞ հանրային ահռելի ճնշման թելադրանքով:

 

Կամ սեփական կամքո՞վ ԱԺ-ն գնաց ինքնալուծարման 2018 թ. աշնանը»:

Leave a Comment