Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։
«Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։
Գործակալության աղբյուրը նշել է, որ «Պակիստանի ռազմաօդային ուժերը ավելի քան 50%-ով կրճատել են թռիչքները, և օդային տարածքում շփոթությունից խուսափելու համար իրականացվում են միայն անհրաժեշտ գործողություններ»։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մի քանի զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա Բայսարան հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խմբավորումը, որը կապված է «Լաշկար-է-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: