Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Քանի դեռ յուրաքանչյուր պաշտոնյա մեծ-փոքր, կարևոր-անկարևոր չգիտակցի, որ բռնությունը, քրեական մշակույթի կանոններով առաջնորդվելն ու, այսպես ասած, արժանապատվությունը պահելը, տղայական էս զզվելի օրենքներով բոլոր հարցերը լուծելու սովորույթը պետք է ԲԱՑԱՌԵԼ, բացառել առավել ևս պետություն- քաղաքացի ցանկացած հարաբերություններում, մենք պետություն դառնալու էս մի վերջին շանսն էլ ենք կորցնելու…

Եթե քաղաքացին, ակտիվիստը, բլոգերը, լրագրողը վիրավորել է, զրպարտել է և այլն, կան լուծումներ` ոստիկանություն, դատարան և այլն, ոչ թե աշխատավայրում ծեծը. սա ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է։

ԵՄ-ն արժեքների, մարդու իրավունքների մասին է առաջին հերթին, ու ԵՄ գնում են՝ այս արժեքները կրելով, ոչ թե զուտ բարձր գոռալով, բայց աշխատասենյակում մարդ ծեծելով ու դա արդարացնելով։

Սահմանադրության ՀՈԴՎԱԾ 3-ը նորից ու նորից հիշեցնում եմ»,- գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են քաղաքապետարանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment