Ստալինը վերադառնում է, Գարեգին Նժդեհը պետք է հեռանա՞





Ֆաշիզմի դեմ հաղթանակի հոբելյանական տոնակատարությանն ընդառաջ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել են Վոլգոգրադ, հարգանքի տուրք մատուցել Ստալինգրադի պաշտպանների հիշատակին: Այդ «ուխտագնացության» քաղաքական նշանակությունը բացահայտել է Պուտինը, երբ Լուկաշենկոյի հետ պաշտոնական հանդիպման մեկնարկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան «պետք է ավելի սերտ լինի, քան նույնիսկ ունիտար պետության կազմում»:

Ապրիլի 11-ին, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆի այցին ընդառաջ Բելառուսի նախագահը «բերման էր ենթարկվել» Կրեմլ, և լրագրողները հետաքրքրվել էին Ռուսաստանի կազմում Բելառուսի ինտեգրման հավանականության մասին, Լուկաշենկոն պատասխանել է, որ ոչ Բելառուսն է մտնելու Ռուսաստանի կազմ, ոչ Ռուսաստանը՝ Բելառուսի, ինտեգրացիան պետք է լինի ավելի լայն ընդգրկման: Վլադիմիր Պուտինը Վոլգոգրադում փաստացի Ալեքսանդր Լուկաշենկոյին հասկացրել է, որ «ուզում է, թե՝ ոչ, պետք է պարի»: Ընդ որում՝ ավելի կոշտ «գրկախառնության ռեժիմում», քան ենթադրում է անգամ ունիտար պետությունը:

Այդ ուղղությամբ առաջին խորհրդանշական քայլն արդեն իսկ արվել է, Վոլգոգրադ այցը, անցկացված միջոցառումները, Բելառուսի «ինտեգրացիայի» մասին հայտարարությունը պսակվել են Ռուսաստանի նախագահի հրամանագրով, Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանվել է «Ստալինգրադ»:

Հանրային կարծիքի հարցման արդյունքներով՝ Ռուսաստանի երիտասարդության ավելի քան քառասուն տոկոսը Ստալինին համարում է Խորհրդային Միության լավագույն առաջնորդը: Ստալինի ծննդյան և մահվան օրերին հազարավոր մոսկվացիների այցելում են նրա գերեզմանին, հարգում հիշատակը: Դա գրեթե քառորդ դար շարունակվող քարոզչության հետևանք է: Ռուսաստանյան հանրության մի շատ զգալի հատված համոզված է, որ Գորբաչովը և Ելցինը «դավաճան են»: Անցյալ տարի Եկատերինբուրգում «Ելցին-կենտրոնը» փակելու պահանջով բազմամարդ հանրահավաքներ են անցկացվել:

Ռուսաստանում վերականգնվել է խորհրդային «Գիտելիք» ընկերությունը, որ հանրության շրջանում պետական –պաշտոնական նարատիվներ քարոզելու հարթակ է: Տեղեկատվական հոսքերից դատելով, Կրեմլը, ինչպես խորհրդային շրջանում, այդ կազմակերպության գործունեությունը խստորեն վերահսկում է: Անցած երկու օրերին Մոսկվայում հրավիրվել է խորհրդաժողով, որին մասնակցել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Ուկրաինայի դեմ պատերազմին, նա ասել է, որ այնտեղ «նացիզմի ծիլերը վերականգնվում էին, ինչը, ցավոք, ազդում էր նաև իշխանության վրա, և մեր նախագահն արեց այն, ինչ պետք է աներ»: Երևում է, արտաքին գործերի նախարար Լավրովի կողմից միջազգային հարթակներում հնչեցրած նարատիվը, որ Ռուսաստանը պաշտպանել է Ղրիմի և Դոնբասի ռուս բնակչության ինքնորոշման իրավունքը, բավարար ընկալման չի արժանացել, Կրեմլը վերադարձել է պատերազմի նախնական «հիմնավորմանը» և այն ներկայացնում է որպես «հականացիստական»:

Սա խիստ վտանգավոր «մատրիցա» է, որ Մոսկվան կարող է գործածել հետխորհրդային բոլոր երկրների նկատմամբ, ինքնիշխանության, ազգային ինքնության, քաղաքակրթական ժառանգության պահպանման և զարգացման ցանկացած փորձ կարելի է ներկայացնել որպես «նացիզմ», որի դեմ հաղթանակը վերագրվում է ռուս ժողովրդին՝ գենարալիսիմուս Ստալինի առաջնորդությամբ:

Որ Մոսկվան աշխարհաքաղաքական նման նախագիծ ունի՝ Կրեմլում չեն էլ փորձում թաքցնել: Արտառոց և քաղաքական տրամաբանությունից դուրսն այն է, որ ստալինիզմի ռեստավրացիա քարոզող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կազմակերպած միջոցառմանը մասնակցել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը, իսկ քաղաքական այդ ուժն իրեն համարում է Գարեգին Նժդեհի գաղափարական հոգեզավակ:

Պուտինյան Ռուսաստանը պաշտոնական մակարդակով Գարեգին Նժդեհին ճանաչում է ֆաշիզմի գործակալ, կոլաբորանտ, իսկ նրա գաղափարախոսությունը՝ նացիստական: Հայաստանում ավելի քան տասը տարի իշխած կուսակցությունը, որ մտադիր է արտահերթ կամ հերթական ընտրություններով «հեռացնել սորոսականներին», ընդունո՞ւմ է, որ Գարեգին Նժդեհը «պետք է հեռանա»: Վլադիմիր Պուտինն այլընտրանքի տեղ չի թողնում. քանի որ Ստալինը «վերադառնում է Կրեմլ»:

Leave a Comment