Երեւան: Մեդիամաքս: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր ասել է, որ ապրիլի 30-ի դրությամբ նույնականացման քարտ տրամադրելու համար ստացվել է 96 900 դիմում, արդեն իսկ տպագրված է 81 900 նույնականացման քարտ:
«Երեւանում եւ մարզերում ընդհանուր հաշվարկով եւս 54 261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում եւ նույնականացման քարտ ստանա: Եթե ընդհանուր հանրագումարով նայենք՝ ստացվում է, որ շուրջ 151 հազար անձ արդեն իսկ ստացել է նույնականացման քարտ կամ սպասում է իր հերթին»,- կառավարության նիստում ասել է ՆԳ նախարարը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ այսօր օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող է իրականացվել, սակայն առաջիկայում թիվը կկրկնապատկվի.
«Մենք ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»: