Իրանի նախագահի «թпւրքական փորձությունը» – Lragrogh.com

Դիտում ՝ 25 894

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Բաքու այցը, երևում է, Ադրբեջանում խորքային հիասթափության տեղիք է տվել: «Թավրիզի հանդեպ նվիրվածության համար Էլչիբեյին քարկոծողները դժգոհ են, որ Իրանի նախագահ Փեզեշքիանը Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում խոսել է իր երկրի պետական լեզվով՝ պարսկերեն: Նրանք կարծում են, որ Փեզեշքիանը պիտի գորշ գայլերի խորհրդանշական ժեստն աներ և հռչակեր Հարավային Ադրբեջանի անկախությո՞ւնը: Էլչիբեյից նախագահ չէր լինի, որովհետև ռոմանտիկ երազող էր: Բայց վատն է նաև Փեզեշքիանը»,- ֆեյսբուքի իր անձնական էջում գրել է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիևան:

Իրանի նախագահի Բաքու այցը տևել է մի քանի ժամ, այդ ընթացքում, սակայն, նա հասցրել է լինել Բաքվի Բիբի-Հեյբաթ արվարձանի մզկիթում, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում, երևի, ամենահինն է և խորհրդանշում է Պարսկաստանի քաղաքակրթական ներկայությունը: Ըստ երևույթին՝ նրա այդ քայլին Ադրբեջանի իշխանությունները դժվարությամբ են համաձայնել: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Իլհամ Ալիևը հետևողականորեն բռնաճնշում է Ապշերոնի շիադավան մուսուլմանների իրավունքները: Դա Իրանի ազդեցությունը սահմանափակելուն միտված, Ադրբեջանում սուննի մահմեդական «համայնքների» կազմակերպման և թուրքական ինքնություն ներարկելուն միտված քաղաքականություն է: Իրանի նախագահը, ըստ էության, հակադրվել է դրան:

Որքանով հասկացվում է Գյուլթեքին Հաջիևայի գրառումից, Մասուդ Փեզեշքիանի այցի ադրբեջանական ընկալումը բոլորովին էլ դրական չէ: Ադրբեջանում ոչ միայն տպագիր և էլեկտրոնային մամուլը, այլև սոցիալական հարթակները, բջջային կապի հավելվածները խստորեն վերահսկվում են: Հաջիևան փաստացի վկայում է, որ Իրանի նախագահն Ադրբեջանում «հանրային պարսավանքի է ենթարկվել», որովհետև Իլհամ Ալիևի հետ բանակցությունները վարել է պարսկերեն լեզվով, մինչդեռ նա էթնիկ ազերի է:

Իրանի նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է ներվերնախավային կոնսենսուսի արդյունքում՝ որպես «ազգային համերաշխության թեկնածու»: Նա Իրանի խորհրդարանում ներկայացրել է Թավրիզը, որի բնակչության մեծամասնությունը թուրքախոս է: Փեզեշքիանի նկատմամբ ընդգծված համակրանք է արտահայտել նաև Բաքվի մամուլը: Իսկ նա Իլհամ Ալիևի հետ բանակցություններում բարձրացրել է երկու երկրների միջև ազատ տեղաշարժի խնդիրը:

Ադրբեջանը հիգերերորդ տարին է՝ փակ է պահում հարևան երկրների հետ ցամաքային սահմանը: Իլհամ Ալիևն այդ որոշումը հիմնավորել է արտաքին սպառնալիքները կանխելու անհրաժեշտությամբ: Իրանի նախագահը, ինչպես պարզ հասկացվում է նրա խոսույթից, դա չի ընդունում: Նա համարում է, որ իրանա-ադրբեջանական փակ սահմանը խոչընդոտում է ժողովուրդների միջև վստահության ձևավորմանը:

Բաքվում, ընդհակառակը, Փեզեշքիանին մեղադրում են թուրքական ինքնությունից հրաժարվելու մեջ: Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրության հետ կապված ինչ-որ «համաթուրքական նախագիծ» մշակվե՞լ է: Ըստ երևույթին՝ այո, բայց, երևի, դա արվել է փորձագիտական –վերլուծաբանական քննարկումների տիրույթում:

Որևէ լուրջ քաղաքական, առավել ևս պետական գործիչ հազիվ թե իրեն թույլ տված լինի վարկածել, թե Մասուդ Փեզեշքիանը, լինելով Էթնիկ ազերի, նախագահի պաշտոնում կարող է գործել Իրանի տարածքային ամբողջականության դեմ և սատարել «Հարավային Ադրբեջանի անկախությանը»:

Բայց քաղաքագիտական ծրագրավորումները նրա համար չեն, որ անմիջապես գործողության դրվեն: Էականը խոսույթի ճիշտ, տեղին ու ժամանակին շրջանառումն է, գեներացիան, որ հանրային համախմբում է ապահովում: Այս առումով Մասուդ Փեզեշքիանն, անկասկած, նաև «թուրքական փորձություն» է անցնում: Նրա Բաքու այցի մասին ադրբեջանական մամուլում կարճ տեղեկություն է հայտնվել, որ Բիբի-Հեյբաթի մզկիթում «ադրբեջաներեն բանաստեղծություն է արտասանել»: Սա նույնպես խորհրդանշական է: Բայց ավելի հատկանշական է, որ Ադրբեջան մեկնելուց առաջ նա Իրանի խորհրդարանի պատգամավոր Սարաջի կողմից անուղղակի զգուշացվել է. «Պետական պաշտոնյաները պարտավոր են խոսել միայն պետական լեզվով»:

Leave a Comment