ԱՄՆ-ն հաստատել է ռազմական աջակցությունը Լեհաստանին և Ռումինիային


Միացյալ Նահանգները հաստատել է Լեհաստանին 1,33 միլիարդ դոլարի  արժեքով հակաօդային պաշտպանության հրթիռների վաճառքը։ Փաթեթը ներառում է 400 միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ՝ AIM-120D:


Բացի այդ, Վարշավան կստանա ուղղորդման համակարգերի հավաքածուներ, պահեստամասեր, տրանսպորտային բեռնարկղեր և հասանելիություն հրթիռների կառավարման համար անհրաժեշտ ամերիկյան ծրագրային ապահովմանը։


«Առաջարկվող վաճառքը կբարձրացնի Լեհաստանի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ ապահովելով «օդ-օդ» դասի պաշտպանություն՝ լեհական և դաշնակից ուժերի համար, նաև զգալիորեն կբարելավի Լեհաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի պահանջների կատարման գործում»,- ասվում է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) հայտարարության մեջ։


Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն կտրամադրի նաև Ռումինիային՝ այդ երկրին մատակարարելով 262 միլիոն դոլարի MIM-104 Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բուխարեստում ԱՄՆ դեսպանատունը։


Նշվում է, որ մատակարարումը կֆինանսավորվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների  դրամաշնորհների միջոցով։


ԱՄՆ դեսպանատունն  ընդգծել է, որ Patriot համակարգը կբարձրացնի Ռումինիայի կարողությունները Սև ծովի տարածաշրջանում օդային սպառնալիքներին հակազդելու համար։

Leave a Comment