ՀՀ հետ հարաբերությունները կհամակարգի Կրեմլի ներքաղաքական բլոկը. Մոսկվան պատրաստվում է Հայաստանի 2026-ի ընտրություններին

Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով այսուհետ զբաղվելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն եւ Ռուսաստանի ներքաղաքական բլոկը համակարգող նրա աշխատակիցները, հայտնում է ռուսական «Վեդոմոստին» վկայակոչելով Կրեմլի աշխատակազմում իր աղբյուրները։

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր խնդիրներ ունի, նշված է թերթի հոդվածում։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրա ենթականերն սկսել են աշխատել Հայաստանի թեմայով, հայտնել են չորս պաշտոնյաներ և աշխատակազմի հետ գործակցող երկու զրուցակիցներ։

«Երկրի ղեկավարությունը գնալով ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,- ասել է Վեդոմոստի»-ի աղբյուրներից մեկը։

Նա հայտնում է, որ հիմա աշխատանքներ են տարվում Հայաստանի տեղեկատվական օրակարգի հետ կապված։ Հայաստանում 2026 թվականին խորհրդարանական ընտրություններ են եւ դրանք մոտենալում պես «նոր խնդիրներ կդրվեն»։

Հայաստանի խնդիրներով կզբաղվի նախագահի աշխատակազմի Ներքին քաղաքականության վարչությունը (ղեկավար՝ Անդրեյ Յարին), Հասարակական գործընթացների մոնիթորինգի և վերլուծության վարչությունը (Ալեքսանդր Խարիչև) և Հանրային նախագծերի վարչությունը (Սերգեյ Նովիկով)։

Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում մեղմ ուժ կիրառել ռուսական շահերը առաջ մղելու համար։ «Նրանք կաշխատեն մոտավորապես նույն կերպ, ինչպես աշխատել են Աբխազիայում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ»,- ասել է թերթի զրուցակիցը։

Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա հարցը ընտրությունները չեն, այլ՝ այնտեղ Ռուսաստանի ներկայությունը»,- ասել է զրուցակիցը։

Աղբյուրը նշում է, որ Հայաստանում այժմ ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, «հետևաբար, այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից»։

«Վեդոմոստին» հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ 2020-ականների սկզբից։

2022 թվականին Հայաստանի վարչապետ Փաշինյանը ռազմական օգնություն խնդրեց ՀԱՊԿ-ից՝ հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ զինված բախումների պատճառով, բայց ՀԱՊԿ-ը այնտեղ զորքեր չտեղակայեց։

2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց կազմակերպությանը անդամակցությունը սառեցնելու մասին։

Leave a Comment