ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են. նախագահն ընդունել է Վասիլիս Մարագոսին


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։

63738_b.jpg (1.37 MB)

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել ջանքեր ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։

63740_b.jpg (1.47 MB)

Վասիլիս Մարագոսն ներկայացրել է նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը և կարևորել երկկողմ հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նախագահին ներկայացրել է նաև առաջիկայում նախատեսվող Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով դրանց ներառական բնույթն ու կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության բարձրացմանը։

63741_b.jpg (1.74 MB)

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։

Երկուստեք կարևորվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

75 դիտում

Leave a Comment