ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը և Ուկրաինան հստակ առաջարկներ չանեն պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, Միացյալ Նահանգները կհրաժարվի միջնորդությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով, կարծիք է հայտնել, որ շուտով ուկրաինական խնդրի շուրջ նոր փոփոխություններ կլինեն։
Միացյալ Նահանգները Եվրոպային հայտնում է, որ Պուտինի հետ բանակցությունները փակուղի են մտել։
Ռուսաստանի նախագահը չի համաձայնել, որ Ուկրաինան մարտունակ բանակ ունենա, թեև Միացյալ Նահանգներն աջակցել է Կիևի պահանջին՝ գրում է Financial Times-ը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Ըստ FT-ի՝ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններից դուրս գալու հարցը։
Պարբերականը, հղում անելով «եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին», գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ է Ուկրաինայում պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու իր ծրագրից հրաժարվելուն։ Նա կարող է Կիևի և Մոսկվայի հետ բանակցություններում արձանագրված փոքր առաջընթացը որպես «պատրվակ» օգտագործել և հայտարարել, որ իր աշխատանքն ավարտված է։
Սպիտակ տան պաշտոնյաները, որոնք վերջին երկու ամսում առնվազն վեց անգամ հանդիպել են Կրեմլի ներկայացուցիչների հետ, վերադարձել են ձեռնունայն, և դա սկսում է նրանց անհանգստացնել։
Թրամփը ձգտում է դուրս գալ ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացից։ Նա մտադիր է հնարավորինս շուտ որևէ համաձայնագիր կնքել, նույնիսկ եթե պարզվի, որ այն ավելի համեստ է, քան նրա սկզբնական նկրտումները՝ ասվում է Financial Times-ի հոդվածում։
«Թրամփը պատրաստ է օգտվել ցանկացած առաջընթացից այս շաբաթ, որը նշանավորում է նրա պաշտոնավարման առաջին 100 օրը, նույնիսկ եթե դա չի հանգեցնի երկարաժամկետ լուծման»,— FT-ին ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Թեև Սպիտակ տունը Կրեմլի համար բազմաթիվ առաջարկների փաթեթ է պատրաստել, ներառյալ պատժամիջոցների վերացումը, համատեղ բիզնես նախագծերը և նույնիսկ Ղրիմի ճանաչումը, Պուտինը շարունակում է պնդել իր առավելագույն հավակնությունները։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կարծում է, որ նման պայմաններում Ուկրաինայում պատերազմը կարող է վերաճել միջուկային հակամարտության․
«Եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել, և դա կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Սա պետք է դադարեցվի։ Այս վարչակազմի քաղաքականությունն ուղղված է կանխելու իրադարձությունների նման փոփոխությունը, և ես երաշխավորում եմ ձեզ, որ նախագահը հրահանգում է իր բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ինձ, շատ քրտնաջան կերպով աշխատել այդ նպատակին հասնելու համար»,-ասել է Վենսը ամերիկացի պահպանողական բլոգեր Չառլի Քըրքի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցները մի տարօրինակ մոտեցում են շրջանառում, որ եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի, Ռուսաստանը կփլուզվի, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքները, և ամեն ինչ կվերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին։
«Սա այդ իրականությունը չէ, որում մենք ապրում ենք»։
Վենսը վստահեցնում է, որ այժմ ավելի լավատես է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հարցում, քան երկու շաբաթ առաջ, և նույնիսկ ավելի լավատես, քան երկու ամիս առաջ։
ԱՄՆ փոխնախագահը Հնդկաստանում մի քանի օր առաջ սպառնացել էր իր երկիրը դուրս բերել բանակցություններից, եթե Կիևն ու Մոսկվան մերժեն Սպիտակ տան առաջարկած ծրագիրը։ Ըստ Վենսի՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության հասնելու շատ հստակ առաջարկ է արել։
«Երկու կողմերն էլ պետք է վայր դնեն զենքերը, սառեցնեն այս իրավիճակը և անցնեն ավելի լավ Ռուսաստան և ավելի լավ Ուկրաինա կառուցելու իրական աշխատանքին»,-նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, սակայն, Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարն անհնար է առանց հաշվի առնելու այն նրբերանգները, որոնց մասին Պուտինը նախկինում խոսել էր Կրեմլում։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ կողմ է անհապաղ, լիակատար և անվերապահ հրադադարի՝ առնվազն 30 օրով, եթե այն լինի երաշխավորված և հուսալի։ Նրա այս մեկնաբանությունը հաջորդել է Պուտինի՝ եռօրյա հրադադարի մասին հայտարարությանը։ Ռուսաստանի նախագահն այդ հրադադարը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ։ Ըստ ռուսական կողմի՝ տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հրադադարը պետք է պահպանվի մայիսի 8-ից մինչև մայիսի 10-ը։
Պուտինի այս հայտարարությանն ի պատաստան՝ Զելենսկին ասել է, որ ավելի շատ գնահատում է մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները, և հրադադարի համար մայիսի 8-ին սպասելու կարիք չկա։
Ապրիլի 29-ին լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 100 օրը։ Սա այն ժամկետն էր, որի ընթացքում նա պետք է լուծեր ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցերը։
Ի տարբերություն իր պետքարտուղարի ու փոխնախագահի՝ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ավարտական փուլում է։
The Atlantic ամսագրին նա հայտնել է, որ առաջիկա օրերին ուկրաինական խնդրի շուրջ փոփոխություններ կլինեն, սակայն չի հստակեցրել՝ խոսքն ինչի մասին է։
Թրամփն իր պաշտոնավարման առաջին ամիսները բնութագրել է որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ երբևէ եղած ամենահաջողակ վարչակազմի 100 օր։