Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է. ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ










Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է.
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։

Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված` հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։




Leave a Comment