Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագրի նկատմամբ

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյի նկատմամբ, ով Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել էր որպես օտարերկրյա գործակալ, իսկ նրա կառույցների գործունեությունը հայտարարվել էր անցանկալի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Չի նշվել թե, հետախուզումը որ քրեական հոդվածով է հայտարարվել: Իրավապահ մարմինները նրա դեմ որևէ քրեական գործի մասին չեն հայտնել։
2022 թվականի մարտի 1-ին «Ռոսկոմնադզորը» արգելափակել էր «Դոժդ» կայքը, իսկ մարտի 3-ին հեռուստաալիքը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։ Նույն թվականի հոկտեմբերին հեռուստաալիքի հիմնադիր Նատալյա Սինդեևան, Տիխոն Ձյադկոն և լրագրողներ Եկատերինա Կոտրիկաձեն և Վլադիմիր Ռոմենսկին ընդգրկվել են օտարերկրյա գործակալների ցանկում։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը «Դոժդ»-ը հայտարարել է անցանկալի կազմակերպություն։
Այս շաբաթ հեռուստաալիքի լրագրող Յուլիա Տարատուտայի նկատմամբ ևս հետախուզում է հայտարարվել: Նա եւս ներառված է օտարերկրյա գործակալների ցանկում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու համար:

Leave a Comment