2025 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անունը կարող է փոխվել և դառնալ Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության
հանձնաժողով։
Խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է գերատեսչության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։
Ի՞նչ է փոխում մրցակցության ոլորտի բարեփոխումը սպառողի կյանքում։ Օրենսդրական յուրաքանչյուր փոփոխության հիմնական շահառուն հենց քաղաքացին է։ 2024 թ. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 3 մլրդ դրամից ավելի տուգանք է սահմանել։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը սա աննախադեպ մեծ թիվ է համարում։ Բայց շարքային սպառողին առավելապես հետաքրքրում են իր խնդիրները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հեղուկ գազի շուկայի գնային տատանումներն է հիշեցնում․ «Մենք ինչ էլ խոսենք, տաքսու վարորդը, ՀՀ քաղաքացիների մեծ մասը, որ հեղուկ գազով են վարում մեքենան, ամեն օր խոսում են գնից։ Փաստ է, որ հեղուկ գազի ներկրման շուկաներում ու ՀՀ-ում, մեր վերլուծություններով, իրավիճակը էապես տարբեր է։ 30-40 դրամից մի քանի օրում հեղուկ գազի գինը դառնում է 160 դրամ։ Սա տնտեսական կամ որևէ այլ բացատրություն չունի։ Դուք էլ եք ասում, բայց դրանից բան չի փոխվում։ Այսօր նորից գինը բարձրանում է»։
Այս հարցին նոր պատասխան չտրվեց։ Փոխարենը՝ հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ ՀՀ սպառողներն առաջին անգամ ունեն կենտրոնական մարմին, որտեղ կարող են ոլորտային հարցերի լուծում ստանալ։


Մրցակցության մասին խոսելիս հանձնաժողովի նախագահը բենզինի և վառելիքի շուկան է մատնանշում․ «Երկու նոր խաղացող կա՝ «Շել» և «Ռան օյլ» ընկերությունները։ Դա նորմալ է։ 2024-ին է եղել․ ամեն տարի բենզինի շուկայում չեն կարող նոր խաղացողներ հայտնվել։ Մասնաբաժինները փոփոխվում են անդադար, բայց առաջին տեղը մնում է տարիներ շարունակ։ Դա ներմուծման շուկայից է կախված»։
Հանձնաժողովը նաև ամրանների շուկան է ուսումնասիրել և կարգավորման մեխանիզմներ է առաջարկում՝ սահմանափակել Իրանից հումքի ներմուծումը։ Վերելակների շուկան ևս ուսումնասիրության առանցքում է․
«Այս շուկայում մեծ անակնալներ չկան․ 90 տոկոսը պետական մրցույթներն են։ Դրանք հիմնականում բելառուսական արտադրության վերելակներն են, քանի որ գնով այս պահին ամենամատչելին են»։
Կարագի շուկայում էական փոփոխություն կա, բայց նաև վատ իմաստով՝ ասում է Գեղամ Գևորգյանը․ «Այս շուկայում մենք ունենք վարույթներ՝ կապված մանկապարտեզներում գնումների հետ։ Այստեղ, մեր համոզմամբ, ոչ մեր պատկերացրած կարագն են վաճառում։ Մոտ 10 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն արդեն դադարեցվել է, նրանց նկատմամբ վարույթները շուտով կավարտվեն։ Կուղարկենք նաև, որպեսզի համապատասխան մարմինները քննարկեն հանցագործության փաստերը։ Փոխում ենք նաև գնումների կարգը այս շուկայում, որպեսզի մեր փոքրիկներն անվնաս սնունդ ուտեն»։
Գեղամ Գևորգյանն ընդգծում է, որ մթերողները գյուղացիական տնտեսություններին 2024 թվականին 1,6 մլրդ դրամ են վերադարձրել։ Առևտրային խոշոր ցանցերը մատակարաներին մոտ 4 մլրդ դրամ են փոխանցել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թ․ տարեկան հաշվետվությունը կքննարկվի ԱԺ արդեն լիագումար նիստում։