Հայաստանի կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանության է արժանացրել Ասիական զարգացման բանկի հետ վարկային նոր համաձայնագիրը կնքելու որոշումը, որով Հայաստանը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար կստանա 236 միլիոն եվրոյի վարկ: Ըստ տարածքային կառավարման նախարարի՝ վարկը կուղղվի ճանապարհի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի հյուսիսային մասի շինարարությանը:
Հայաստանի պարտքային բեռը փաստորեն կավելանա 236 միլիոն եվրոյով, սակայն այս դեպքում պետք է ասել, որ պարտքը միանգամայն պատճառաբանված է, քանի որ ուղղված է լինելու Հայաստանի համար ռազմավարական նշանակության նախագծի իրականացմանը, այլ ոչ թե այսպես ասած ընթացիկ կարիքների կամ բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորմանը, ինչպես օրերս եվրապարտատոմսերի հերթական թողարկումով ավելացված 750 միլիոն դոլարի դեպքում:
Հյուսիս-հարավ ծրագիրը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն մի քանի առումով: Նախ՝ խոսքը միջազգային նշանակության, հետևաբար, աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակության ճանապարհի մասին է, որը հնարավորություն կստեղծի ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան երթուղի, որն իր հերթին կարևորագույն բաղադրիչ է Պարսից ծոցից Սև ծով հաղորդակցության համար:
Դրանից բացի, ինքնին այն, որ Հայաստանը կարող է արդյունավետ իրականացնել ենթակառուցվածքային մեծ ծրագիր, արդեն իսկ որոշակի այցեքարտ է պետության համար՝ որպես լուրջ աշխատանքի ունակ գործընկեր: Առավել ևս այսօր Հայաստանն ունի այդ նկարագրին բերող բավականին մեծ ծավալի աշխատանքի անհրաժեշտություն: Ըստ այդմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանը գերբարձր արդյունավետությամբ և դինամիկայով իրականացնի Հյուսիս-հարավի շինարարությունը:
Ըստ էության՝ դա մի օրինակ է, թե ինչ տրամաբանությամբ պետք է պետությունը դիմի արտաքին պարտքի ներգրավման գործիքակազմին: Անշուշտ, Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել արտաքին միջոցների ներգրավումից, սակայն շատ կարևոր է հենց այն, որ այդ միջոցները ծառայեն ոչ թե պետության «օրվա ապրուստին», այլ ռազմավարական զարգացմանն ու նկարագրի ռազմավարական վերափոխմանը:
Այդ դեպքում, պետությունը կստանա նաև վարկային բեռը կրելու և զուգահեռ նաև իր աճող հնարավորություններով՝ այդ բեռը ժամանակի ընթացքում թեթևացնելու հնարավորություն: Այլապես, երբ պետական պարտքն աճում է ընդամենը օրվա խնդիրներ լուծելու տրամաբանությամբ, իսկ պարտքը գործնականում հենց այդ տրամաբանությամբ է հասնում արդեն 13 միլիարդ դոլարի, որի կեսն արտաքին պարտքն է, դա ոչ թե պետության ուժի, այլ ուժասպառ լինելու աղբյուր է: