Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանածոների համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին․ Շմիգալ

Առաջիկայում սպասվում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, որից հետո Ուկրաինան առաջին քայլը կանի այս նախագծի իրականացման ուղղությամբ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն արդեն մեկնել է Վաշինգտոն, որտեղ վերջնական քննարկվում են ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի վերջին մանրամասները։ Շմիգալը նշել է՝ համաձայնագիրն իրավահավասար է և նպատակ ունի ապահովել համատեղ ներդրումներ Ուկրաինայի զարգացման և վերականգնման գործում։ Նա ընդգծել է՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում և Ուկրաինան կանի առաջին քայլը դրա իրականացման ուղղությամբ։

«Երբ բոլոր մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն, առաջիկայում, հուսով եմ՝ առաջիկա օրերի ընթացքում, համաձայնագիրը կստորագրվի»,- ասել է նա։

Ուկրաինացի պաշտոնյան նաև հավելել է, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվում է Միացյալ Նահանգների հետ ստորագրել ևս երկու տեխնիկական համաձայնագիր, որոնք վերաբերում են հիմնադրամի ստեղծմանը և դրա ֆինանսավորմանը։ Ուկրաինական կառավարությունն արդեն համաձայնեցրել է փաստաթղթի հիմնարար կետերը, ստացվել են հիմնական նախարարությունների բոլոր անհրաժեշտ հաստատումները։ Շմիգալի խոսքով՝ կառավարությունը տեխնիկապես պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, հենց որ ամերիկացի գործընկերներից վերջնական տեղեկատվություն լինի։

Նշենք, որ այսօր Bloomberg-ը և Reuters-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն չորեքշաբթի՝ երկարատև բանակցություններից և Կիևի ու Վաշինգտոնի մոտեցումներում առկա հակասությունների համաձայնեցունից հետո։

Հիշեցնենք՝ Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ավելի վաղ ստորագրել էին օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մտադրության շուրջ հուշագիրը։

Ուկրաինան և ԱՄՆ-ը պատրաստվում էին փետրվարի վերջին կնքել համաձայնագիրը, սակայն գործարքը չեղյալ էր հայտարարվել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև հրապարակային վեճից հետո։ Մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստել է ընդերքի մասին համաձայնագրի նոր տարբերակ։ Փաստաթղթի այս տարբերակում արդեն խոսքը  Ուկրաինայի բոլոր օգտակար պաշարներին հասանելիության մասին է։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ սա տարբերակներից միայն մեկն է, և որ համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment