Կարմիր գորգի արարողությամբ մեկնարկեց «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը

Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում մեկնարկեց Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը՝ 17 անվանակարգով։

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած մրցանակաբաշխությունն ունի 17 անվանակարգ։

Արթուր Մանուկյան․ «Բացի 17 հիմնական անվակարգերից, կլինի մեկ հատուկ մրցանակ, որը կորոշի ակադեմիան»։

Մրցանակաբաշխության անվանումը պատահական չի ընտրվել։ Խազերը հայ միջնադարյան նոտաներն են, որը ժամանակին ուսումնասիրել է մեծն Կոմիտասը:

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի անդամ Արաքսյա Մուշեղյան․ «Խազերը դա մեր հիմքն է, իսկ մենք աշխարհին հետաքրքիր ենք միայն այն երաժշտությամբ, որը հիմք ունի։ Այսօր շատ բարդ է մրցել համաշխարհային տրենդների հետ, եթե դու չունես ինչ որ անհատական ու յուրօրինակ բան։ Իսկ մեր յուրօրինակությունը մեր հիմքն է, որի հիմքում կանգնած են խազերը»։

«Խազեր» փառատոնը հայկական երաժշտարվեստը միջազգային ստանդարտներին կմոտեցնի՝ համոզված է Հայկական երաժշտարվեստի ակադեմիայի խորհրդի անդամ Ավետ Բարսեղյանը։

«Հայկական կոդը և ինքնությունը պահող անուն է, ու ինչպես նավի անունը դնես, այնպես էլ նավարկությունը կընթանա։ Հետևաբար «Խազերը» երաժշտական խազ կթողնի»։

Երաժշտարվեստի լավագույններին կորոշեն ակադեմիայի 300 անդամները․ «Այն ինչքան հնարավոր է՝ օբյեկտիվ է դարձնում մրցանակաբաշխությունը»։

Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ թերևս առաջին անգամ է, որ միջոցառումը կազմակերպելու համար աշխատելու է մի քանի բեմադրիչ։

«Այս անգամ Հրաչ Քեշիշյանին միանում են Արթուր Մանուկյանը և Նաիրե Ստեփանյանը»։

Ապրիլի 30-ին մրցանակաբաշխության հաղթողների ձեռքին կլինի քանդակագործ Նուռի ստեղծած «Խազեր» արձանիկը։

Leave a Comment