Մտացածին են և ոչ իրական․ փաստաբանը՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի գրավադրման լուրի մասին

ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա մանրամասնել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել է փաստաբանական հարցումներ, իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ՝ տվյալ գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։

Երիցյանը հրապարակել է ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված պատասխանը, ըստ որի ներկայացուցչության շենքի նկատմամբ «գրավի իրավունք գրանցված չէ»։

Նա «մտածացին ու ոչ իրական» է անվանել ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի չորրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու մասին տեղեկությունները։

«Իհարկե ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- նշել է Երիցյանը։

Ապրիլի 29-ին «Փաստինֆոն» գրել էր, որ Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Ըստ թերթի՝ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։

Leave a Comment