Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Սյունիքում էին։ Նրանք այցելել են սահմանամերձ բնակավայրեր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման կոմբինատներ, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքապետերի հետ։
Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդն, ի դեմս կառավարության, կարող է մասնաբաժին ունենալ հանքից։ Նախարարը խոսել է նաև Ամուլսարի շահագործման առաջիկա քայլերի մասին։
Փետրվարին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բողոքի ակցիաներն էական ազդեցություն են ունեցել գործարանի աշխատանքային ցուցանիշի, ըստ այդմ՝ նաև երկրում հավաքված հարկերի ընդհանուր ծավալի վրա։ Աշխատողները պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը, բարելավել աշխատանքային պայմանները։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գնահատմամբ՝ տարեսկզբին կոմբինատի աշխատանքի խաթարումն ազդել է հանրապետության տնտեսական ցուցանիշի վրա։
«Փետրվարին, ցավոք սրտի, մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ բարձր չէր, 1.5 տոկոսի շրջանակում էր։ Դա հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության շատ մեծ ու էական անկմամբ։ Ինչո՞ւ, որովհետև մեր արդյունաբերական հսկան ուղիղ կես ամիս չէր աշխատել։ Եվ դա բերեց արդյունաբերության կտրուկ, մեծ անկման։
Նախարարն այս դիտարկումը ներկայացնում է Սյունիք կատարած այցի շրջանակում՝ անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ եթե Հայաստանի խոշոր հարկատուն անցած տարի մոտ 101 մլրդ դրամ է մուծել բյուջե, ապա, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կոմբինատն առաջին անգամ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չկա։
Ըստ ձեռնարկության պաշտոնական պարզաբանման՝ պատճառը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձնելն է։ 2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը։ Ընդհանուր հանրագումարից հետո առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։ Ըստ այդմ, առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, ու արդեն իրական հարկային վճարումներն ամբողջությամբ ընթացիկ տարվա վերջում կերևան՝ փոխանցել են կոմբինատից։
Չնայած սրան՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԶՊՄԿ-ն դիտարկում է լավագույն օրինակ, թե ինչպես ժողովուրդն, ի դեմս կառավարության, կարող է իր մասնաբաժինն ունենալ հանքից։
«Այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել, և մոտ 100 միլիոն դոլար գումար է մուտք արվել պետական բյուջե։ Սա այն կարկառուն արդյունքներից է, երբ քաղաքականության արդյունքում ժողովուրդն ընդերքից ունենում է շատ տեսանելի, հստակ ու կոնկրետ մասնաբաժին՝ ի դեմս պետության, ի դեմս կառավարության»։


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իրենց այցելած հյուրերին՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ու սյունեցի պատգամավորներին ներկայացրեց կոմբինատի ռազմավարական ուղղությունները։ Նրա վստահեցմամբ՝ 11 օր տևած գործադուլի հետևանքները թեև շոշափելի էին, սակայն ընկերությունն արդեն բնականոն արտադրական փուլում է։ Մշակվել են բնապահպանական, սոցիալական և կառավարչական բարեփոխումների, աշխատավարձերի բարձրացման փուլային ծրագրեր։
Կոմբինատը տարեկան արդյունահանում է շուրջ 22 մլն տոննա հանքաքար։ Ձեռնարկության արտադրանքը՝ պղնձի և մոլիբդենի խտանյութը, ապահովում է Հայաստանի արտահանման զգալի մասնաբաժինը։ Ներկայում կոմբինատի հետ պետությունը քննարկում է պղնձաձուլարան կառուցելու, ինչպես նաև արտադրական նոր հնարավորությունները։ Կառավարության անդամների հավաստմամբ՝ աջակցելու են կոմբինատին՝ ընդլայնելու արտադրությունը։
Արդյոք սա չի՞ առաջացնի բնապահպանների բողոքը։ Նախարարի կարգավիճակով առաջին անգամ կոմբինատ այցելած տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձանագրում է՝ ընդերքօգտագործումն այստեղ բավարար մակարդակով է իրականացվում։
«Գործընկերները ներկայացրին և անվտանգության համակարգը, և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու մեխանիզմները, կարծում եմ՝ այդ առումով այստեղ առանձնակի խնդիրներ չկան»։
Հյուրերն առաջինը եղան բաց հանքում, հետո՝ հարստացուցիչ ֆաբրիկայում, ծանոթացան արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման ծրագրերին։
Հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման հնարավորություն է՝ նշեց էկոնոմիկայի նախարարը՝ անդրադառնալով նաև Ամուլսարի շահագործմանը։
Գևորգ Պապոյան․ «Ամեն ինչ գնում է նրան, որ մենք շատ շուտով կսկսենք շինարարությունը, իսկ նոյեմբեր ամսից արդեն կսկսենք հանքարդյունահանումը։ Կունենանք այսպիսի արդյունաբերական հսկա, իհարկե, ծավալներն այնտեղ ավելի փոքր են, քան այստեղ, բայց դա նույնպես տնտեսական «դրայվ», շարժիչ կլինի մեր երկրի համար։ Հանքարդյունաբերությունը շատ կարևոր ճյուղ է, բայց ոլորտի հետ պիտի վարվենք այնպես, որ այն նաև հետագա սերունդների համար բարիք ստեղծի»։
Կառավարության անդամներն այցելեցին նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատ, եղան սահմանամերձ Խոզնավար ու Խնածախ գյուղերում։ Եռօրյա աշխատանքային այցը նախարարարներն ամփոփեցին Սյունիքի մարզպետի, համայնքապետերի հետ հանդիպումով՝ քննարկելով տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր։