Այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)», – նշել է Ավդալյանը Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, Չախոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ունի ձերբակալվածի կարգավիճակ, թաղապետը ձերբակալվածների թվում չէ։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպով ձերբակալվել է 6 անձ։
Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։