Շվեդիայում ձերբակալվել է վարսավիրանոցում երեք մարդկանց սպանության մեջ կասկածվող 16-ամյա դեռահասը

Շվեդիայի դատախազության տվյալներով՝ Ուփսալա քաղաքում երեք մարդու վրա կրակելու և սպանելու կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա դեռահաս, գրում է The Guardian-ը։
«Ընթանում է ինտենսիվ հետաքննություն։ Ներկայում տեղեկություններ ենք հավաքում, իսկ ոստիկանությունը դռնեդուռ է անցնում և հարցաքննում վկաներին,-ասված է իշխանությունների հայտարարության մեջ։ -Բացի դրանից, կատարվում է առգրավված բջջային հեռախոսների և այլ նյութերի վերլուծություն»։
Ոստիկանությունը հաստատել է, որ պատանուն կասկածում են սպանության մեջ և որ նա քննության շրջանակում հարցաքննվող մի քանի անձանցից մեկն է: Թեև նրանք չեն նշել ձերբակալվածի տարիքը, սակայն հաստատել են, որ զոհերը 15-20 տարեկան էին։ Կրակոցները տեղի են ունեցել երեքշաբթի Ստոկհոլմից 45 մղոն հյուսիս գտնվող համալսարանական Ուփսալա քաղաքի վարսավիրանոցներից մեկում:
Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը համարվում է մեկուսացված միջադեպ և կապված չէ չորեքշաբթի երեկոյան քաղաքում սպասվող Վալբորգի օրվա ամենամյա տոնակատարությունների հետ։
Վալբորգը շվեդական խարույկի փառատոն է, որը նշում է գարնան գալուստը։ Շվեդական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացածներից մեկն առնչվում է կազմակերպված հանցավոր խմբին։
Ոստիկանությունը չի հաստատել հաղորդագրությունները, բայց նշել է, որ խմբավորմանն առնչվող հանցագործությունն այն ուղղություններից մեկն է, որը նրանք «առանձնապես ինտեսնիվ կերպով ուսումնասիրում են»։

Leave a Comment