Տաշքենդն ի՞նչ մանրամասներ է հայտնել Երևանին՝ Կալասի այցին ընդառաջ





Հայաստանի կառավարությունը տարածել է մի հաղորդագրություն, որն առաջին հայացքից ընթացիկ աշխատանքային տրամաբանությամբ իրադարձության մասին է, սակայն կարող է պարունակել բավականին ուշադրության արժանի տողատակեր: Մասնավորապես, հաղորդվում է, որ Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի փոխվարչապետ Խոջաևի հետ և քննարկել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը, տնտեսական շրջանակների շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացմանն առնչվող հարցեր:

Իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային պորտֆելի ընդլայնումը, որի ծավալները ներկայումս մեղմ ասած գոհացուցիչ չեն: Սակայն ի՞նչ ծրագրեր կան Ուզբեկստանի հետ: Կա՞ն կոնկրետ հետաքրքրություններ, որ Տաքշենդը տեսնում է Հայաստանում ներդրումային հեռանկարի առումով: Ինչպիսի՞ն են դրանք: Կարևոր կլիներ հասկանալ մանրամասները, եթե կան այդ կերպ նաև հասկանալու համար, թե որն է եղել Երևան-Տաշքենդ այդ խոսակցության բուն առարկան:

Որովհետև, ինչպես նկատեցի, այստեղ կարող են լինել ավելի ընդգրկուն ուշագրավ տողատակեր, եթե նկատի առնենք այն, որ Կենտրոնական Ասիայում անցնող ամսվա՝ ապրիլի ընթացքում տեղի է ունեցել երկու հատկանշական իրադարձություն: Ապրիլի առաջին կեսին կայացավ ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որը առաջինն էր հետխորհրդային ժամանակաշրջանում, և ապրիլի երկրորդ կեսին կայացավ Չինաստան-Կենտրոնական Ասիա արտգործնախարարական հավաք:

Այս երկու միջոցառումները, անշուշտ, լոկ ռեգիոնալ նշանակության չեն, այլ աշխարհաքաղաքական լայն ընդգրկում ունեցող: Եվ դրանք իրենց օրակարգային առանցքային հարցերից որոշներով ընդգրկում են նաև Հարավային Կովկասը, և առավել ևս հայ-ադրբեջանական հարցը: Օրինակ, թե՛ Եվրամիությունը, թե՛ Չինաստանը Միջին միջանցքի շահառու են: Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը այդ մասին շատ բաց տեքստով էր խոսել գագաթնաժողովի ընթացքում, նաև ընդգծելով հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների կարևորությունը:

Այս համատեքստում Երևանն արդյո՞ք Տաշքենդի հետ խոսակցությամբ շոշափում է հավելյալ մանրամասներ և դիրքորոշումներ թե՛ Եվրամիության, թե՛ Չինաստանի հետ հաղորդակցությունից, որ եղել է Կենտրոնական Ասիայում, թե՞ Ուզբեկստանն է Երևանին փոխանցել մանրամասներ և գուցե առաջարկներ, գաղափարներ: Բոլոր դեպքերում, օրակարգն ըստ ամենայնի բավականին ակտիվ է, նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 25-ին այդ հարցերը Ադրբեջանում՝ Չինաստանից վերադարձած Իլհամ Ալիևի հետ քննարկել էր նաև ԵՄ անվտանգության և հարևանության հանձնակատար Կայա Կալասը, որը նաև առաջիկայում պատրաստվում է այցելել Երևան:

Leave a Comment