ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով զբաղվող յոթ ընկերությունների նկատմամբ և երկու նավեր հայտարարել է որպես արգելափակված սեփականություն, հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Որոշման մեջ նշվում է, որ տվյալ ընկերությունները իրանական ծագման նավթաքիմիական արտադրանքն ուղարկում են երրորդ երկրներ և թույլ են տալիս Իրանին շրջանցել պատժամիջոցները և շարունակել եկամուտ ստանալ:
Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ծովային կառավարող մի ընկերության նկատմամբ՝ իրանական նավթամթերքների տեղափոխման համար: Այս ընկերության կողմից շահագործվող երկու նավերը նույնպես կալանքի տակ են։
ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկն ընդլայնել է Թեհրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ֆոնին։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։ Վաշինգտոնը 2018-ին՝ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում, միակողմանիորեն դուրս էր եկել միջուկային համաձայնագրից և սահմանափակումներ մտցրել Թեհրանի նկատմամբ:
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել միջուկային ծրագրից դուրս հարցեր։ Ապրիլի 26-ին Օմանում ավարտվել էր ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երրորդ փուլը։
