ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: 

Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները․ «ԱԳ նախարարի տեղակալը բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները», – ասված է հաղորդագրության մեջ: 

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: 

«ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես՝ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը»,-հայտնել է ԱԳ նախարարությունը։

 

Leave a Comment