Իսրայելում զոհվածների հիշատակման օրը լայնածավալ հրդեհներ են բռնկվել: Կասկածներ կան, որ դա կազմակերպված է: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որի ինքնությունը չի հրապարակվել: Մամուլը հայտնում է, որ կառավարությունը մերժել է հրդեհաշեջ ինքնաթիռներ ունեցող երկու մասնավոր ընկերության առաջարկը: Ըստ տեղեկությունների՝ նրանք չափազանց բարձր գին են առաջարկել:
Վարչապետ Նաթանյահուի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունը միջազգային օգնություն է խնդրել, որ կապված գիշերային ժամերին թռիչքների անվտանգությունն ապահովելու տեխնիկական խնդիրների հետ՝ տեղ կհասնի մայիսի 1-ի առավոտյան ժամերին:
Իսրայելի ԱԳՆ-ից մամուլին տեղեկացրել են, որ կառավարությունը հրդեհների մարմանն օգնելու խնդրանքով դիմել է Հունաստանին, Կիպրոսին, Խորվաթիային, Իտալիային և Բուլղարիային: Ըստ տեղեկությունների՝ հազարավոր ընտանիքներ արդեն իսկ բնակության վայրերից տարհանվել են՝ ներառյալ Երուսաղեմի արվարձանները:
Որքանով հասկացվում է Իսրայելի ԱԳՆ տարածած տեղեկատվությունից՝ Նաթանյահուի կառավարությունը հրդեհաշիջման համար օգնություն չի խնդրել Թուրքիայից, ինչպես նաև՝ Ադրբեջանից: Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Նաթանյահուն մայիսի 7-ին մեկնում է Բաքու:
Ադրբեջանական լրատվամիջոցներն Իսրայելում լայնածավալ հրդեհների մասին տեղեկություններ տարածում են՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, բայց Բաքվից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա, ինչը բավական արտառոց է, եթե նկատի ունենանք իսրայեելա-ադրբեջանական հարաբերությունների բավական բարձր մակարդակը, կողմերի սերտ համագործակցությունը և հատկապես այն, որ Բաքվում սպասում են Իսրայելի վարչապետին:
Իսրայելն ինչո՞ւ հրդեհաշիջմանը մասնակցելու խնդրանքով չի դիմել Ադրբեջանին, նկատի են առնվել լոգիստիկ խնդիրնե՞րը: Իսկ Ադրբեջանն ինչու՞ իր օգնությունը չի առաջարկել: Դա շատ տրամաբանական կլիներ: Չէ՞ որ եթե հրդեհները տարածվեն և օպտիմալ ժամկետներում չմարվեն, ապա բացառված չէ, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Նաթանյահուն հետաձգի Բաքու այցը: Մի՞թե Ալիևը շահագրգռված չէ Նաթանյահուի այցով: