Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան և թուրքական կողմերն աշխատում են Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ

Քաղաքականություն

30.04.2025 | 22:43

Առաջին իսկ հնարավորության դեպքում դեմ առ դեմ կհանդիպենք Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

«Մեր հեռախոսազրույցը շատ ջերմ, արդյունավետ և բարեկամական էր: Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու և շատ քայլեր անելու։ Այդ պատճառով մեր նախարարությունները շարունակում են աշխատանքը՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացքը ձևավորող հանդիպման նախապատրաստման համար։ Դրա շրջանակում քննարկվում է նաև ժամկետը»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Էրդողանը հունիսին կարող է այցով մեկնել ԱՄՆ։ Բացի այդ, լուրեր կային, որ Թրամփը մայիսին կարող է Թուրքիա այցելել։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ ժամանակավոր հրադադարը դուռ կբացի դեպի մշտական ​​խաղաղություն։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել արդար և երկարատև խաղաղությամբ։ Մենք երբեք հույսը չենք կորցրել այս հարցում։ Այս պատերազմի ավարտը շատ կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև համաշխարհային անվտանգության համար, որովհետև այս պատերազմը բոլորին պարտության է մատնել։ Ամենաշատը կորցրել են Ռուսաստանն ու Ուկրաինան։ Արդար խաղաղությունը երբեք պարտվողներ չի ունենում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է՝ որպեսզի խաղաղության գործընթացը հաջող լինի, կարևոր է, որ երկու կողմերն էլ հաստատեն փոխադարձ վստահություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment