«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը
– Տիկի՛ն Բեժանյան, Ռուսաստանը խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը, փոփոխություների մի մասն արդեն ուժի մեջ է մտել, իսկ մյուս մասը շուտով ուժի մեջ կմտնի: Կխնդրեմ մանրամասնեք, թե ի՞նչ փոփոխություններ են դրանք ու ի՞նչ ազդեցություն են ունենալու Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար:
– Հունվարից ուժի մեջ մտած կարգավորումը հետևյալն է, որ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք տարեկան յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող էին 90 օր գտնվել Ռուսաստանում, այդ ժամկետը կրճատվել է, և տարվա ընթացքում կարող են գումարային 90 օր գտնվել Ռուսաստանում:
Օրենքի այս կետից կտուժեն մեր այն վարորդները, որոնք բեռնափոխադրումների ծառայություններում են աշխատում: Եթե նրանց աշխատանքն ավելի երկար ժամանակ պահանջի, և 90 օրը լրանա, նրանք շարունակեն գտնվել Ռուսաստանի տարածքում, մուտքի արգելք կստանան և առնվազն 3 տարի չեն կարողանա մուտք գործել Ռուսաստան:
Հաջորդ փոփոխությունը ենթադրում է, որ հունիսի 30-ից վերը նշված երկրների քաղաքացիները պետք է անցնեն գրանցման ընթացակարգ նույնականացման ու վավերացման միասնական համակարգում։
Քաղաքացիների գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID: Քաղաքացին պարտավոր է լինելու, անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ, այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան:
Դիմում ներկայացնելուց հետո Ռուսաստանի պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի՝ օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստան։
Երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ տեղեկացնելու կարգը վերաբերելու է բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին։
Իրենց խոսքով՝ նրանք ուղղակի միգրացիոն հոսքերի կառավարում են անում, բուն նպատակը ես չեմ կարող ասել:
– Մեր երկրից արտագնա աշխատանքի նպատակով մեկնողների վրա այս խստացումը որքանո՞վ է անդրադառնալու:
– Ինչի մասին ես հենց նոր խոսեցի, չի անդրադառնալու, նրանց վրա այլ բան է անդրադառնալու. երբ կներդրվի միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը, որն իրենից ներկայացնում է միասնական համակարգ, որի մեջ կլինեն բոլոր միգրանտների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների, կենսաչափական տվյալները, կլինեն նրանց բուժզննման տվյալները, մատնահետքը, նրանց վճարած հարկերի մասին տեղեկությունները, անձնագրային տվյալները, այսինքն՝ այդ էլեկտրոնային պրոֆիլը միգրանտի բոլոր հնարավոր տվյալները կներառի իր մեջ: Դա կլինի միգրանտի՝ Ռուսաստանում գտնվելու թիվ մեկ փաստաթուղթը, որով կնույնականացնեն միգրանտներին:
Այս էլեկտրոնային պրոֆիլը ևս նոր բան է, որը մտածում են ներմուծել, բայց դա որքանո՞վ կաշխատի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, եթե ինչ-որ տվյալ համակարգից դուրս մնա, դա կարող է անդրադարձ ունենալ, ու միգրանտը կարող է անտեղյակ լինելով հանդերձ, որ համակարգի խափանման պատճառով իր տվյալները չեն ներբեռնվել, հայտնվի անօրինական կարգավիճակում՝ դրանից բխող հետևանքներով:
– Ե՞րբ է նախատեսվում կիրառել փոփոխությունը:
– Հունիսից այդ փոփոխությունը ևս ուժի մեջ է մտնելու, այդ 72 ժամն էլ է միտված, որ նախապես անձի տվյալները ներբեռնվեն, հետո երբ նա մուտք գործի, սահմանին մատնահետքը վերցնեն, այն ներբեռնվի միգրանտի պրոֆիլի մեջ, ու այն սկսի աշխատել: Նպատակն այն է, որ անձի վերաբերյալ բոլոր ինֆորմացիաները, փաստաթղթերը մեկտեղվեն ընդհանուր համակարգի մեջ:
– Տիկի՛ն Բեժանյան, կա՞ն թվային տվյալներ նախորդ տարիների համեմատ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ, այդ թիվը նվազմա՞ն, թե՞ ավելացման միտում ունի:
– Նվազել է, երկու տարվա ընթացքում՝ 2022-ից մինչև հիմա, այդ թիվը կրճատվել է մոտ 30%-ով: Սա պայմանավորված է նրանով նաև, որ աճում է մուտքի արգելք ունեցողների թիվը, փետրվարի 5-ից ռեեստրը գործարկվեց՝ վերահսկող անձանց, որում հայտնվեցին բավական մեծ թվով Ռուսաստանում՝ որևէ փաստաթղթի խախտում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներ, ու ստացվեց, որ նրանց մի մասը հատեց սահմանը, իսկ մի մասը շարունակեց մնալ, օրինականացնել իր գտնվելը:
Ամեն դեպքում մոտ 30%-ով նվազել է, որովհետև երբ մենք այցեր ենք անում մարզեր, հանդիպում միգրանտների հետ, որոնք պատրաստվում են մեկնել, բավական թվով անձինք նշում են, որ այս տարի չեն ցանկանում մեկնել Ռուսաստան՝ ռուբլու փոխարժեքի նվազման ու միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am